Հանգստի ժամին
Փարիզը հայի աչքերով
Խոսել, գրել կամ պատմել Փարիզի մասին երևի թե անիմաստ է, քանի որ համոզված ենք` սա հենց այն դեպքն է, երբ լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել: Իսկ եթե դուք, այնուամենայնիվ, դեռևս չեք հասցրել այցելել եվրոպական մշակույթի բնօրրաններից մեկը, ապա հատկապես Ձեզ համար է այս հոդվածը:
Փորձենք ներկայացնել Փարիզը հայի աչքերով:
Նախ մի փոքր վիճակագրություն: Յուրաքանչյուր տարի Ֆրանսիա են այցելում ավելի քան ութսուն միլիոն զբոսաշրջիկներ: Համեմատության համար ասենք, որ նույն ժամանակահատվածում Հայաստան են այցելում երկու հարյուր հազարից էլ պակաս թվով հետաքրքրասերներ:
Եվ այսպես, Երևան-Փարիզ չվերթով թռչող ինքնաթիռը հինգ ու կես ժամ օդային ճանապարհորդությունից հետո վայրէջք է կատարում Շառլ դե Գոլի անվան օդանավակայանում, որը տիպիկ եվրոպական է` վերջինիս բնորոշ բոլոր հատկանիշներով: Օդանավակայանից մինչև Փարիզ ճանապարհը տևում է մոտ քսան րոպե, որի ընթացքում, թերևս, ամենահետաքրքիր բանը, որը ֆրանսիացիները առանձնահատուկ հպարտությամբ են ցույց տալիս զբոսաշրջիկներին, Ստատ դե Ֆրանս մարզադաշտն է, ուր 1998 թ. Ֆրանսիայի ֆուտբոլային ընտրանին նվաճեց աշխարհի չեմպիոնի բարձր կոչումը: Այնուհետև, անցնելով Փարիզը շրջապատող ոչ այնքան հյուրընկալ արվարձանների միջով, կհասնեք Ֆրանսիայի սրտին...
Բնականաբար, ձեզ անհրաժեշտ կլինի ընտրել հյուրանոց: Եթե դուք ձեր ընտրությունը նախապես Երևանում չեք կատարել, ապա Փարիզը ձեզ կներկայանա հյուրանոցային գերհարուստ ցանցով, որի գերակշռող մասը աչքի է ընկնում բավականին համեստ պայմաններով: Ամեն դեպքում, ոչ այնքան մեծ պահանջներ ունեցող զբոսաշրջիկները կարող են երեք աստղանի հյուրանոցային համար վարձել` անցկացրած յուրաքանչյուր օրվա համար վճարելով 120-150 եվրո: Մի փոքր հանգստանալուց հետո, բնականաբար, սկսում եք ծանոթությունը Փարիզի հետ: Թերևս առաջին երեկոն արժի ոտքով զբոսնել Հաղթական կամարի շուրջը և աշխարհի ամենագեղեցիկը համարվող պողոտաներից մեկով` Ելիսեյան դաշտերով: Այն ունի մոտ 2 կմ երկարություն, կառուցվել է դեռևս XVII դարում և հարյուրամյակների ընթացքում բազմաթիվ տաղանդավոր ճարտարապետների միջամտությամբ ստացել է ներկայիս տեսքը, որով հպարտանում է ցանկացած ֆրանսիացի: Այս պողոտան հատկապես անմոռանալի տպավորություն է թողնում գեղեցիկ սեռի ներկայացուցիչների վրա, քանի որ այստեղ են տեղակայված նորաձևության աշխարհահռչակ ընկերությունների հոյակապ խանութները, ուր կանայք պատրաստ են անցկացնել ողջ երեկոն և նույնիսկ գիշերը, եթե իհարկե չլցվի նրանց ուղեկցող տղամարդկանց համբերության բաժակը...
Թողնելով խանութները` վերադառնանք Հաղթական կամար, որի կառուցումը սկսվել է Նապոլեոնի հրամանով` փառավորելու ֆրանսիական բանակի լեգենդար արշավանքները: Ճարտարապետ Ժան Շալգրենի` 50 մ բարձրությամբ և 45 մ լայնությամբ այս հոյակերտ շինության վերնամասում անցնում է 5 մ բարձրությամբ վիթխարի ծոփորը, որը պատկերում է բոնապարտյան զորքի ռազմերթը և աշխարհացունց ճակատամարտերը: Կամարի ներսում կա շենքամաս, որտեղ գտնվում է նրա կառուցման պատմությանը նվիրված ոչ մեծ ցուցահանդես: Կամարի վերևի դիտահարթակից բացվում է փարիզյան մի հոյակապ տեսարան: Հաղթակամարը «ականատես է եղել» Ֆրանսիայի պատմության բազմաթիվ հետաքրքիր անցքերի: Այսպես, 1840 թ. կամարի տակով է անցել Նապոլեոնի դիակառքը, երբ նրա աճյունը փոխադրվում էր ս. Հեղինե կղզուց: 1885 թ. նույն պատվին է արժանացել Վիկտոր Հյուգոն: 1919 թ.` Գերմանիային հաղթելուց հետո, կամարի տակով հանդիսավորությամբ անցել են ֆրանսիական զորքերը: Իսկ 1920 թ. Հաղթակամարի տակ կառուցվեց Անհայտ զինվորի շիրմակոթողը: Այդ ժամանակից ի վեր անպաճույճ սալի կենտրոնում վառվում է հավերժական կրակը, և ամեն երեկո, բազմաթիվ զբոսաշրջիկների ներկայությամբ, տեղի է ունենում այն բոցավառելու սիմվոլիկ արարողությունը: Հատկապես երեկոյան ժամերին կարելի է հիանալ նաև 1889 թ. համաշխարհային ցուցահանդեսի համար կառուցված Էյֆելյան աշտարակով: Նշենք, որ այս երկնասլացը ժամանակին կերտվել է որպես ժամանակավոր շինություն, որը պարզապես պետք է ցուցադրեր շինարարության մեջ մետաղի կիրառման հսկայական հնարավորությունները: Սակայն Ժամանակի ընթացքում 320 մ բարձրությամբ այս հսկան դարձել է Փարիզի խորհրդանիշներից մեկը: Բայց զարմանալիորեն մինչև օրս կան պատվախնդիր ֆրանսիացիներ, որոնք պնդում են Փարիզի դեմքն «աղավաղող» շինությունը վերացնելու անհրաժեշտության մասին:
Եվս մի գաղտնիք. տարիներ առաջ որպես ժամանակավոր շինություններ կառուցվել են նաև նույն փողոցի տարբեր մայթերին գտնվող Փարիզյան Մեծ և Փոքր պալատները, որոնք իրենց ճարտարապետական կատարելությամբ կարող են զարդարել աշխարհի մշակութային հարուստ ավանդություններ ունեցող ցանկացած քաղաք: Ուստի դժվար է պատկերացնել այնպիսի մի ղեկավարի, որը երբևէ կհանդգնի քանդել տալ համաշխարհային ճարտարապետության այս գլուխգործոցները: Մյուս կողմից հենց այդպիսին են ֆրանսիացիները. նրանք կարող են առանձնապես չհպարտանալ Էյֆելյան աշտարակով և նշված հուշարձաններով, ինչպես նաև… չզարմանաք` համաշխարհային պատմության այնպիսի կարկառուն մեծությամբ, ինչպիսին է Նապոլեոնը, որը ներկայիս «մարդու իրավունքների պաշտպանությամբ տարված» ֆրանսիական հասարակության համար բավականին վիճելի կերպար է դարձել: Վերադառնալով աշտարակին, չմոռանանք ասել` այն շատ ավելի գեղեցիկ տեսք ունի երեկոյան ժամերին, երբ ի ցույց է դրվում նաև կոթողի լուսաճարտարապետական փառահեղությունը: Մինչդեռ ցերեկային ժամերին այն կարծես կորցնում է գիշերային հմայքի զգալի մասը: Սակայն, եթե դուք չեք վախենում բարձրությունից, ապա արժի, թեկուզ մի քանի ժամ վերելակի համար հերթ կանգնելով, բարձրանալ մետաղյա հսկայի վերնամասը, քանզի միայն այնտեղից կարելի է լիարժեք տեսնել իսկական Փարիզի անզուգական շքեղությունը: Ի դեպ, հայտնի է, որ այդ «անհրապույր»«անճոռնի» ստեղծագործությունը: աշտարակի գոյության կատաղի թշնամիներից մեկը` Մոպասանը, ամեն օր ընթրել է աշտարակի վրա գտնվող ռեստորանում` պատճաբանելով, որ դա միակ տեղն է Փարիզում, որտեղից չի երևում Գյուստավ Էյֆելի աշտարակը։
Այժմ մի քանի խոսք Ֆրանսիայում գտնվող հայկական մշակութային արժեքների մասին, որոնց զգալի մասը գտնվում է հենց Փարիզում, և կարծում ենք` Փարիզ ժամանած ամեն հայ կուզենա տեսնել դրանք: Որպես ուղեցույց նրան կառաջարկենք առաջին հերթին այցելել Փարիզի Վիտե փողոցի վրա գտնվող հայկական եկեղեցին: Այն կառուցված է մեր եկեղեցիների ազգային ճարտարապետության ավանդական կանոնների պահպանմամբ: Ինչպես ուրիշ շատ երկրների հայկական եկեղեցիներ, այս մեկը ևս հանդիսանում է նախ և առաջ որպես սփյուռքի մեր հայրենակիցների ոգեղեն միավորման սրբավայր:
Փարիզը, հասկանալի է` ճարտարապետական կոթողների բացօթյա թանգարան է: Քաղաքի տարբեր հատվածներում կան նաև բազմաթիվ նշանավոր մարդկանց արձաններ: Բայց հետաքրքիր է, որ քաղաքի բուն կենտրոնում արձան ունենալու պատվին արժանացել են միայն երեքը: Առաջին երկուսը Շառլ դե Գոլն ու Վինսթոն Չերչիլն են, իսկ երրորդը… հայ հանճարեղ երգահան Կոմիտասը: Վարդապետի արձանն իր ուրույն ոճով բացարձակապես չի կրկնում մինչ այդ ստեղծված կոմիտասյան քանդակներից ոչ մեկին և յուրովի է բացահայտում մեծագույն հայի և մարդու ներքնաշխարհն ու ողբերգական կյանքը:
Մի պահ եկեք կրկին վերադառնանք ֆրանսիական արժեքներին` շարունակելով մեր ճանապարհը դեպի Փարիզի սիրտը` Սիտե: Դա քաղաքի հինավուրց մասն է. տեղավորված է Սենի մեջտեղում գտնվող կղզում` ժամանակակից Փարիզի արևելյան մասում: Սիտեում պահպանվել են մի շարք հնագույն շենքեր` Սենտ-Շապել մատուռը, Արդարադատության պալատը, Կոնսիերժերի հին ամրոցը, և իհարկե` Փարիզի Աստվածամոր տաճարը: Վերջինիս շինարարությունը սկսվել է 1163թ. և ավարտվել 1240 թ.: Այս հոյակապ շինությունը ինքնին վեհաշուք մի գլուխգործոց է, բայց կարծում ենք` իր համաշխարհային հռչակի համար պարտական է ոչ միայն ճարտարապետներին, այլև մշակույթի մեկ այլ բնագավառի հանճարին` Վիկտոր Հյուգոին, որի` տաճարի անվանը համանուն վեպը կարդացած յուրաքանչյուր ոք երազում է գոնե մեկ անգամ տեսնել Փարիզի Աստվածամոր տաճարը, ուր ապաստան էր գտել գեղեցկուհի Էսմերալդան:
Եթե հոգնեցիք և քաղցած եք, ապա կարելի է արագորեն անցնել կամուրջը և հայտնվելով լատինական թաղամասում` ճաշել բազմաթիվ գողտրիկ ռեստորաններից մեկում: Այստեղ գործում են ինչպես ավանդական ֆրանսիական, այնպես էլ հունական, բելգիական, չինական, ճապոնական և այլ ռեստորաններ: Ի դեպ, հունական ամենահայտնի ռեստորաններից մեկում կտեսնեք Լեռնային Ղարաբաղի դրոշը: Մեր այցելության ժամանակ պարզեցինք, որ այս ռեստորանի սեփականատերը ազգությամբ հայ է: Փարիզում կան նաև հայկական մի քանի ռեստորաններ, ուր ցանկության դեպքում կարող եք համտեսել մեր խոհանոցի ուտեստները: Սակայն, եթե հետևեք մեր խորհրդին, լավ է հաճախեք այն ռեստորանները, որտեղ կարելի է համտեսել այն խորտիկները, որոնցից չկան հայկայկան խոհանոցում: Կարծում ենք, դուք էլ մեզ նման հաճույքով կճաշակեք կենդանի ոստրեներն ու յուրահատուկ ձևով պատրաստված խխունջների ու գորտերի տեսականիները: Ի դեպ, փարիզյան ռեստորաններում կարելի համտեսել նաև աֆրիկյան անտիլոպների և ավստրալիական կենգուրուների մսից պատրաստված ընտիր խորտիկներ...
Լատինական թաղամասից ընդամենը մի քանի րոպեում` քայլելով, կարելի է հայտնվել քաղաքի ամենագեղեցիկ շենքերից մեկի` Փարիզի քաղաքապետարանի առջև: Այն իսկապես զարմացնում է իր շքեղությամբ ու ճարտարապետական յուրօրինակ ոճով: Ձմեռային ամիսներին քաղաքապետարանի առջև հրաշալի սահադաշտ է պատրաստվում, որտեղ անմոռաց ժամանց են անցկացնում երիտասարդ փարիզեցիները: Շարունակելով զբոսանքը արժե հայտնվել օպերայի շենքի մոտ: Այն գտնվում է քաղաքի անմիջական կենտրոնում, այնտեղ, որտեղ Կապուցիների բուլվարը միանում է Օպերայի լայնահուն պողոտային: Օպերայի շենքը կառուցվել է 1862-1874 թ.թ.: Շինարարության համար հատկացվել են հսկայական միջոցներ, և ճարտարապետ Գարնիեն ստեղծել է մի փառահեղ ու պերճաշուք շինություն, որը լիովի համապատասխանում է այն ժամանակ իր բարգավաճման ու փառքի գագաթնակետում գտնվող Երկրորդ կայսրության ճաշակին: Շենքը զարդարված է ոսկեջրած բազմաթիվ արձաններով: Նույնպիսի ընդգծված պերճություն է տիրում նաև օպերայի ներքին կահավորության մեջ` հատկապես ճեմասրահում, որը գերհագեցած է արձաններով և նկարներով: Սրանց հաշվին Փարիզի օպերայի շենքը, բացի իր հիմնական նպատակից, ծառայում է նաև որպես թանգարան, որը մշտապես մարդաշատ է: Հենց այս շենքում 2006 թ. կազմակերպված շքեղ միջոցառման ժամանակ հայտարարվեց Ֆրանսիայում Հայսատանի տարվա մեկնարկի մասին: Օպերայի պողոտան անմիջապես միանում է քաղաքի ամենագեղեցիկ հրապարակներից մեկին` Վանդոմյան հրապարակին, ուր 1806 թ. Նապոլեոնը որոշեց իր հաղթանակների փառաբանման համար Հռոմի Տրայանոսի նշանավոր սյան նման մի սյուն կառուցել: 43,5 մ-ոց սյունը ձուլվել է թշնամու թնդանոթներից, որոնք Նապոլեոնը բռնագրավել էր Աուստերլիցի մոտ: Գագաթին գտնվում էր կայսրի արձանը` Կեսարի հագուստով, 1814 թ., Նապոլեոնի պարտությունից հետո, այդ արձանը հանվել է: Լուի Ֆիլիպը 1831 թ. հնարավոր համարեց Նապոլեոնի արձանը դնել իր նախկին տեղը, բայց արդեն «փոքրիկ կապրալի» կերպարանքով: Նապոլեոն երրորդը, իշխանության գլուխ անցնելով և ցանկանալով փառավորել իր նշանավոր հորեղբորը, հրամայեց վերականգնել հռոմեական կայսրի տեսքով նախկին արձանը: Սյունը քանդվեց 1871 թ. ու նորից վերականգնվեց արդեն 1875-ին:
Վանդոմի հրապարակի հետ է կապված նաև մեկ տխուր հիշողություն: Եթե դուք երեկոյան ժամին անցնեք քաղաքի այս հատվածով, ապա կնկատեք, որ հրապարակում գտնվող փարիզյան ամենաճոխ` Ռիթց հյուրանոցի մի ամբողջ մասնաշենք ընկղմված է խավարի մեջ: Բանն այն է, որ այստեղ իր կյանքի վերջին օրերն է անցկացրել լեգենդար արքայադուստր Դիանան, որի մահից հետո հյուրանոցի տնօրինությունը որոշել է ընդմիշտ փակել հարկաբաժինը:
Շարունակելով ճանապարհորդությունը կարելի է այցելել Սեն-Դենի հոյակերտ եկեղեցին, ուր ննջում են Ֆրանսիայի գրեթե բոլոր արքաները: Հայերիս համար այս թագավորական ննջարանը հատկապես ուշագրավ է, քանզի ֆրանսիական թագավորների կողքին կա միայն մեկ օտարերկրյա տիրակալի շիրիմ: Նրա գերեզմանաքարի վրա կարելի է կարդալ` «Փոքր Հայքի արքա Լևոն IV »: Հենց այստեղ է ննջում հայոց վերջին թագավորը` Կիլիկյան Հայաստանի վերջին թագակիրը` Լևոն IV-ը: Դժվար է ասել` դեռևս կենդանության օրոք թագը կորցրած կիլիկյան արքայի հանդեպ հարգանքի, թե կարեկցանքի զգացմունքն է դրդել ֆրանսիացիներին` իրենց թագավորների կողքին` նույն եկեղեցում, ամփոփելու Լևոն IV-ին: Հայերիս համար Փարիզում հանգչող ամնեանվիրական շիրիմը զորավար Անդրանիկինն է: Չնայած մի քանի տարի առաջ լեգենդար հայդուկի և զորապետի մասունքները տեղափոխվել են հայրենիք, սակայն Փարիզի Պեր-Լաշեզ գերեզմանատանը Ռոսինիի, Շոպենի, Բալզակի և այլ մեծերի կողքին շարունակում է կանգնած մնալ օտար ափերում իր մահկանացուն կնքած գեներալի մահարձանը: Այն, իհարկե, իր չափերով չի կարող համեմատվել զորավարի` հայրենիքում կերտված արձանների հետ, այն պարզ պատճառով, որ այն ի վերջո ստեղծվել է որպես գերեզմանային մահարձան: Այս արձանի աչքի ընկնող պարագաներից է գեներալի ձեռքում իր ավանդական սրի փոխարեն հեռադիտակի առկայությունը: Գուցե հեղինակը դրանով ցանկացել է հաղորդել երբեմնի հայդուկապետի կորուսյալ հայրենիքի հանդեպ ունեցած կարոտն ու ցավը... Չգիտենք: Ուրախալի էր միայն, որ մեր այցելության օրը Անդրանիկի արձանը գտանք շատ խնամված, կենդանի ծաղիկներով զարդարված…
Կրկին վերադառնանք Փարիզ` այս անգամ դեպի հռչակավոր թանգարանները: Փարիզում հարյուրավոր թանգարաններ կան և բնական է, որ մի քանի օրում անհնար է լինել դրանց բոլոր սրահներում: Սակայն կան մի քանիսը, որոնք երևի թե պարտավոր է այցելել յուրաքանչյուր զբոսաշրջիկ: Իհարկե, այս ցուցակում առաջին տեղը գրավում է Լուվրը: Այս անունով լայնորեն հայտնի են ինչպես XVI-XVII դարերի ֆրանսիական ճարտարապետության հրաշալի կոթող հանդիսացող ընդարձակ պալատը, այնպես էլ այնտեղ գտնվող և համաշխարհային հռչակ վայելող թանգարանը: Այսպիսով, այցելելով Լուվր, դուք միանգամից հնարավորություն կստանաք տեսնել թագավորական պալատն ու աշխարհի լավագույն թանգարանային հավաքածուներից մեկը: Ի դեպ, Ֆրանսիայում Հայաստանի տարվա կապակցությամբ Լուվրում կազմակերպվել էր հայկական մշակութային արժեքների մեծ ցուցադրություն, որի մեջ, ի թիվս այլ նմուշների, մտնում էին Հայաստանից բերված 40 խաչքարեր: Փարիզ մեկնողներին մի խորհուրդ ևս. չփորձե'ք ամբողջ Լուվրը դիտել մեկ օրվա ընթացքում. դա ոչ միայն ֆիզիկապես հնարավոր չէ, այլև «վտանգավոր» է ձեր առողջության համար: Եթե Լուվր այցելելուց հետո ձեր գեղագիտական ճաշակը լիովին չեք բավարարել, ապա արժի թանգարանի մուտքի մոտ 1-2 Ժամ հերթ կանգնել` հնարավորություն ստանալու այցելել Օրսեյի թանգարանը: Այն տեղավորված է նախկին երկաթուղային կայարանի շենքում: Օրսեյի թանգարանի զարդն է կազմում իմպրեսիոնիստների աշխարհի ամենահարուստ հավաքածուներից մեկը: Ահա այս թանգարանին կարելի է հատկացնել մեկ օր, որի ընթացքում հնարավոր է դիտել ողջ ցուցադրությունը: Կարծում եմ` կա ևս երկու թանգարան, որոնք հաճույքով կայցելի ցանկացած զբոսաշրջիկ, առավել ևս, որ դրանք գտնվում են մեկը մյուսից մոտ 1 կմ հեռավորության վրա: Դրանք են Ինվալիդների տունն` իր ռազմական թանգարանով և հանճարեղ քանդակագործ Ռոդենի տուն-թանգարանը: Առաջինին հասնելու համար կարելի է անցնել Սեն գետի վրա կառուցված թերևս ամենագեղեցիկ` Ալեքսանդրյան կամուրջի վրայով, որն ամբողջովին զարդարված է ոսկեզօծ արձաններով: Ինվալիդների տան զարդը տաճարն է, որը կառուցվել է 1706 թ.: Տաճարի կենտրոնում 1840 թ., Նապոլեոնի աճյունը տեղափոխելուց հետո, ստեղծվեց մի մեծ կլոր խորություն` վերևից ճաղաշարով շրջապատված յուրատեսակ մի բաց կրիպտա: Կենտրոնում` հատակի մակերևույթից մի քանի մետր ցած, տեղադրված է կարմիր գրանիտի ամբողջական կտորից պատրաստված սարկոֆագը: Կողային կապելլաներում թաղված են Նապոլեոնի երկու եղբայրները և նրա մարշալներից մի քանիսը: Փաստորեն տաճար մտնող յուրաքանչյուր անձ Նապոլեոնի շիրիմը տեսնելու համար ակամայից պետք է գլուխ խոնարհի Ֆրանսիայի կայսեր առջև, մի հակասական մարդու առջև, որն իր վերելքը սկսեց ֆրանսիական բանակի կապրալից, հասավ կայսրի թագին, գրավեց մի շարք պետություններ և ի վերջո իր օրերն ավարտեց աքսորում` ս.Հեղինե կղզում:
Նապոլեոնը աշխարհին հայտնի է հիմնականում որպես մեծ զորավար, և մարդկության միայն մի փոքր մասն է գիտակցում, թե ինչպիսի քաղաքական և հասարակական գործչի տաղանդ է թաքնված եղել այդ վտիտ մարմնում: Նշենք միայն, որ աշխարհի տարբեր երկրների` այսօր գործող շուրջ 40 սահմանադրությունների հիմքում ընկած է հենց նապոլեոնյան սահմանադրությունը: Ռազմական թանգարանը դիտելուց հետո խորհուրդ ենք տալիս այցելել ևս մեկ թանգարան (այս անգամ կերամիկայի), որը գտնվում է Փարիզի արվարձաններից մեկում. դա Սևրի թանգարանն է: Անկեղծ ասած` այն չի վայելում զբոսաշրջիկների մեծ մասի սերը և երևի ավելի հարազատ է հայերիս համար, քանի որ այս թանգարանի շենքում 1920 թ. օգոստոսի 10-ին կնքվեց հայ ժողովրդի համար այնքան սպասելի Սևրի պայմանագիրը, որով հայկական կողմին պետք է անցնեին պատմական Հայաստանի մի շարք բնակավայրեր, մեր երկիրը պետք է ելք ստանար դեպի Սև ծով, և Հանրապետության ընդհանուր տարածքը կազմեր շուրջ 150 հազ. քառ. կմ (5 անգամ ավելի ներկայիս Հայաստանի տարածքից): Ցավոք, պայմանագիրը կյանքի չկոչվեց, և այսօր նրա մասին հիշեցնում է միայն Սևրի կերամիկայի թանգարանի առջև կանգնեցված` Օսմանյան Թուրքիայում սպանված 1 մլն 500 հազ. հայ նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարը: Սևրում է գտնվում նաև Մխիթարյանների միաբանությանը պատկանող հայկական կիրակնօրյա դպրոցը: Ցավոք, այն հիմա բավականին անմխիթար վիճակում է և ունի ընդամենը 50 աշակերտ:
Կրկին վերադառնալով Փարիզ` արժե ևս մեկ անգամ տեսնել քաղաքը, այս դեպքում արդեն Սենի վրայով ընթացող զբոսաշրջային նավի տախտակամածից: Արժե ևս մեկ անգամ հիանալ ու կրկին հիշել, որ Փարիզն ամբողջովին ճանաչելու համար անհրաժեշտ է առնվազն մի կյանք ապրել հիրավի աշխարհի ամենահրապուրիչ այս քաղաքում:
Հիշեցնենք նաև, որ ցանկացած բարդությունների հանդիպելու դեպքում կարող եք դիմել Ժեն-Գուժոն փողոցի վրա գտնվող Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատանը, որի վրա մշտապես ծածանվում է հատկապես օտարության մեջ այնքան հարազատ հայոց եռագույնը և որի հյուրընկալ դռները միշտբաց են մեր հայրենակիցների համար:
Կարդացեք նաև
Մեկնելով օտար երկիր՝ հարկ է հաշվի առնել այդ երկրի ավանդույթները, գրում է sobesednik.ru-ն: Ահա մի քանի խորհուրդ արտասահմանցիներին, թե ինչ է կարելի ու ինչ չի...
Guardian Cities բրենդային բարոմետրը դասակարգում է մոլորակի քաղաքներն ըստ ամենատարբեր ցուցանիշների՝ սկսած տրանսպորտից ու եղանակից մինչև հանցագործության ու սոցիալական «անցուդարձի» մակարդակը: Ոչ բոլոր քաղաքների...
Աշնանային խոնավ եղանակը սարերի հետևում չէ, ուստի՝ շուտով տնային տնտեսուհիները կրկին բախվելու են թաց հագուստը փռելու ու այն չորացնելու խնդրին։ Ինչպես նշում է The Daily Mail-ը, բրիտանացի մասնագետները հատուկ նման իրավիճակի համար...
Արևոտ օրը կամ երեկոյան լամպի լույսով վառ լուսավորված պատին հստակ ստվերներ են հայտնվում: Ձեռքերը դրեք այնպես, ինչպես ցուցադրված է նկարներից մեկում, կանգնեք պատի մոտ այնպես, որ գլխի և ուսերի ստվերը չփակի ձեռքերի...
Business Insider պարբերականը հրապարակել է ամբողջ աշխարհի 25 լավագույն դեսերտների ցուցակը: Դրանում ընդգրկվել են ո՛չ միայն ավանդական քաղցրեղեններ...
Որքան հաճախ ենք մենք լսում՝ աչքերը հոգու հայելին են, սակայն ինչպես պարզվել է՝ մարդու բնավորության մասին կարող են պատմել ոչ միայն աչքերը, այլև...
Ո՞ր սուրճն եք նախընտրում: Սև սուրճ՝ առանց շաքարավազի – դուք ունեք ուժեղ բնավորություն: Երբեք չեք վախենում պատասխանատվությունից և չեք ամաչում սեփական սխալներից...
Առավոտ շուտ Մարիամի փոքր աղջիկն եկավ երեխաների հետ, հետո մեծ տղայի կինն ու դպրոցահասակ զույգ տղաները եկան, իսկ կեսօրից հետո արդեն գերդաստանը գրեթե ողջ կազմով հավաքվել էր հայրական...
Հոդվածում առանձնացրել ենք աշխարհի ամենազիլ կամուրջները, որոնց վրայով անցնելու համար, իսկապես, մեծ քաջություն կպահանջվի...
Այսօր հզոր մանրադիտակները բացահայտում են կյանքն իր բոլոր անհավանական մանրամասներով։ Ահա մի քանի նման նկարների օրինակներ, որոնք նոյեմբեր ամսին տեղադրվելու են Դալասի միջազգային օդանավակայանում...
Ամենայն հավանականությամբ, առաջին հայելին, որի մեջ մարդը տեսել է իր և շրջակա բնության արտացոլումը, ջուրն է, իսկ հաջորդը` օբսիդիանը` սատանի եղունգը...
Հոլանդիայի Զունդերտ շրջանում ամեն տարի անցկացվում է ծաղկային փառատոն, իսկ առաջին անգամ այն կայացել է 1936-ին։ Եվ հետաքրքրականն այն է, որ այս հսկայական և հրաշալի ծաղկային քանդակները...
Միաժամանակ մի շարք երկրներ տեսնել հնարավոր է միայն տիեզերքից։ Առավել հիասքանչ տեսարան է բացվում գիշերը։ Օրվա ցերեկային ժամերին մոխրագույն գծերն ու ուղղանկյունները...
Սթրիթ արտն արվեստի այն ուղղություններից է, որը բավական վիճահարույց է համարվում և ընդունելի է հասարակության ոչ բոլոր շերտերի համար...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն